Քանդակների երկխոսություն

Մայիսի 13-ին Գեղարվեստի պետական ակադեմիայի Ալբերտ և Թովէ Բոյաջիան ցուցասրահում քանդակների երկխոսություն էր: Արվեստասեր հանրությունն ականատեսն էր անհանգիստ մտքերի, բուռն ապրումների ու դրանցից ծնված հոգեվիճակներից ներշնչված մարմնացած  քանդակների երկխոսությանը:

«Երկխոսություն» խորագրով ցուցահանդեսի մտահղացումը հենց քանդակագործներինն էր՝ ակադեմիայի Քանդակի բաժնի մագիստրատուրայի կուրսի ուսանողներ՝ Գեղամ Աբրահամյանինն ու Սարգիս Բաբայանինը:

 

 

ԵԳՊԱ-ի ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանը ցուցահանդեսի բացման խոսքում նշեց, որ խոսքն արդեն կայացած քանդակագործների մասին է: Այդ են վկայում ցուցադրված աշխատանքները:

– Այս աշխատանքների հեղինակները մեզ քաջածանոթ են: Ե՛վ Գեղամը, և՛ Սարգիսը մեր լավագույն ուսանողներն են, ովքեր մշտապես բուռն ստեղծագործական կյանք են վարում՝ քանդակներ ստեղծելով և բազում ցուցահանդեսների մասնակցելով: Կարծում եմ, որ նրանց համատեղ ցուցահանդեսը պատահական չէ: Իհարկե, աշխատանքները մեկը մյուսից տարբերվում են, բայց մեկ ընդհանրություն, այնուամենայնիվ, ունեն. երկու քանդակագործի աշխատանքներն էլ բարձր որակով են ստեղծված, – ասաց Արամ Իսաբեկյանը՝ ուրախությամբ նշելով, որ Քանդակի ամբիոնն իր ստեղծման օրից բազում տաղանդավոր քանդակագործներ է տվել, որոնց շարքերը հետագայում կհամալրեն ևս երկու տաղանդավոր քանդակագործ:

 

 

Քանդակագործության ամբիոնի վարիչ Գետիկ Բաղդասարյանի խոսքով՝ ուսանողի հաջողությունը տեսնելը գերագույն հաճույք է: Ըստ նրա՝ Գեղամ Աբրահամյանի և Սարգիս Բաբայանի աշխատանքների հաջողության գաղտնիքը նախևառաջ նրանց տաղանդի, ապա համառության մեջ է:

Գարեգին Դավթյանն էլ այս ցուցահանդեսն ստեղծագործական մի էտապ համարեց երիտասարդ քանդակագործների կյանքում, էտապ, որը ներկայացնում է ասելիքով հագեցած քանդակներ: Նա ասելիքով հագեցած այս աշխատանքները բուռն ստեղծագործական աշխատանքի արդյունք համարեց՝ կոչ անելով մյուս ուսանողներին ևս հետևել երիտասարդ քանդակագործների օրինակին:

 

ԵԳՊԱ-ի լրագրող Լիլիթ Վահանյան

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.