Շնչող գույներ

Մայիսի 10-ին Գյումրիի Ստիլ պատկերասրահում բացվեց ԵԳՊԱ-ի Գյումու մասնաճյուղի տնօրեն գեղանկարիչ Համբարձում Ղուկասյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը: Հետահայաց անհատական ցուցահանդեսում ներկայացված էր արվեստագետի ավելի քան վեց տասնյակ աշխատանքներ, որոնք նա ստեղծել է 1982 թվականից մինչև այսօր:

Ցուցահանդսի բացմանը ներկա էին Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի, Երևանի Գեղարվեստի Ակադեմիայի և Ժամանակակից արվեստի ինստիտուտի ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկանԱրտուշ Մկրտչյանը (Ստիլ պատկերասրահի տնօրեն) Հասմիկ Կիրոակոսյանը (Շիրակի մարզի մարզպետի խորհրդական), Արտաշես Կարապետյանը (Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարչ), Արամ Իսաբեկյանը (ԵԳՊԱ-ի ռեկտոր), Նազարեթ Կարոյանը (Ժամանակակից Արվեստի ինստիտուտի տնօրեն) և Արաքսյա Մարգարյանը (արվեստաբան):

 

 

Համբարձում Ղուկասյանի ՝արվեստագետ-անհատի, ստեղծագործական ուղին սկսվել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանից, շարունակվել Երևանի Գեղարվեստա-Թատերական ինստիտուտում և շարունակվում է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում: Հանդիսանալով Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն և Գյումրու ժամանակակից արվեստի կենտրոնի փոխտնօրենը՝ նա նպաստել է դասական և ժամանակակից արվեստի զարգացմանը Գյումրիում, մասնակցել և աջակցել է Գյումրու միջազգային Բիենալեի կազմակերպմանը: Նրա ստեղծագործական ուղղու զարգացման նշանակալից գրավական են նաև անհատական և խմբակային ցուցահանդեսները Հայաստանում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Լեհաստանում, Սիրիայում և Լիբանանում:

 

 

Արվեստագետ Համբարձում Ղուկասյանի ստեղծագործական գործունեությանը բնորոշ է աշխարհը նորովի դիտարկելու ու նրա հավեժական և առօրյա խնդիրների, երևույթների մասին արվեստի միջոցով խոսելու նպատակասլացությունը: Նրա ստեղծագործություններում առկա է ավանդական ակունքներից բխող մի գաղափար, ուր բնությունը, հիշողությունը՝ միախառնված, ձգտում են դուրս գալ տիեզերական հավերժության ոլորտ: Ֆիզիկական սահմանների տարբերություններն ընկալելու հետ մեկտեղ՝ արվեստում նա փորձում է տեսնել նաև փոխշփումների, հարաբերությունների հնարավորությունները: Գեղանկարչության նրա համար հնարավորություն է՝ խոսելու համար սիրո, գեղեցկության, հավերժության մասին, ծավալելու՝ փիլիսոփայական խոհեր մարդկային հարաբերությունների, մենության, ժամանակի շուրջ : Գունային նուրբ հարաբերություններով Համբարձում Ղուկասյանը հասնում է կոլորիտի և իմաստի միաձուլման, կերպավորման սկզբունքների բյուրեղացման ու ճանաչելիության: Նրա ստեղծագործություններում ԳՈՒՅՆԸ ընկալվում է որպես շնչող, զգացող, զրնգուն, պայթող և պայթեցնող էություն:

Որպես անհատ՝ ճշմարիտ ոգեղեն կյանքով ապրող արվեստագետն ինքնաբավ է նյութական կյանքում և անզուսպ՝ հոգևոր ոլորտում ՝ նոր վիճակների, ձևերի որոնման մեջ, որի արդյունքում արվեստը վերածվում է կենսական կյանքով ապրող դաշտի: Եվ իր այդ ստեղծագործական դաշտում նա ժամանակի համար ժամանակի հետ պայքարում փորձում է մնալ ժամանակի մեջ և ժամանակից դուրս:

 

 

 

Leave a Reply