Համեղ պատառ նկարչական խոհանոցից

Գեղարվեստի պետական ակադեմիայի Ալբերտ և Թովէ Բոյաջիան ցուցասրահն արվեստասեր հասարակության առաջ հերթական անգամ բացեց իր դռները` ներկայանալով արդեն ավանդույթ դարձած ցուցահանդեսով:

Ապրիլյան վերջին օրն ակադեմիայի ցուցասրահը դարձյալ մարդաշատ էր: Այս անգամ արվեստի մասին զրուցելու, քննարկելու և, ինչո՞ւ չէ, քննադատելու առիթ էին ընձեռել Գրաֆիկայի և գծանկարի ամբիոնի դասախոսները` ներկաների դատին հանձնելով իրենց գրաֆիկական աշխատանքներն ու գծանկարները:

Թեև խոսքն արդեն կայացած արվեստագետ-մանկավարժների մասին է, բայց պետք է նկատել, որ ցուցահանդեսին նրանք շատ մեծ պատասխանատվությամբ էին մոտեցել. այդ էին վկայում ցուցադրված աշխատանքները:

Հերթական անգամ բացելով ցուցահանդեսը` ԵԳՊԱ-ի ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանն այն իսկապես սպասված համարեց, ինչպես և բոլոր ցուցահանդեսները, չէ՞ որ դրանք ինչպես ակադեմիայի դասախոսների, այնպես էլ ուսանող-դասախոս քրտնաջան աշխատանքի արդյունքն են:

– Կարծում եմ, որ այս ցուցահանդեսը կարևոր մշակութային երևույթ է ոչ միայն ակադեմիայի, այլև Երևանի մասշտաբով: Պետք է գալ, տեսնել այս աշխատանքները` հասկանալու համար, որ մեր դասախոսներն իսկական արվեստագետներ են` իրենց ուրույն ձեռագրերն ունեցող, – ասաց Արամ Իսաբեկյանը:

Գրաֆիկայի և գծանկարի ամբիոնի վարիչ Արա Բաղդասարյանը նույնպես ցուցահանդեսը կայացած համարեց և ներկաներին շնորհավորելով բացման առիթով` նշեց, որ ցուցահանդեսները շատ լավ առիթ են  ևս մեկ անգամ ներկայացված լինելու:

– Ցանկալի է, որ նման ցուցահանդեսները մշտական բնույթ կրեն: Շատ լավ է, որ դասախոսները կարող են ներկայանալ ուսանողներին` իրենց նկարչական միջավայրի հետ ծանոթանացնելով նրանց: Ես վստահ եմ, որ այս ցուցահանդեսից ուսանողները շատ բան կքաղեն, – ասաց Արա Բաղդասարյանը:

Կերպարվեստի ֆակուլտետի դեկան Էդվարդ Վարդանյանն էլ ուրախալի փաստ համարեց այն, որ դասախոսները նույնպես կարող են իրենց աշխատանքներով ներկայանալ ուսանողներին:

 

 

– Կան լավ մանկավարժներ, որոնք լավ նկարիչներ չեն և կան լավ նկարիչներ, որոնք լավ մանկավարժներ չեն, այս դեպքում մեր ուսանողներին բախտ է վիճակվել աշխատել իսկական մանկավարժ-արվեստագետների հետ, – ասաց Էդվար Վարդանյանը` ակնկալելով, որ ցուցահանդեսների այս բարի ավանդույթը կպահպանի իր շարունակականությունը, քանի որ  միայն այդ դեպքում հնարավորություն կընձեռվի ծանոթանալու նաև դասախոսների նկարչական խոհանոցին:

 

ԵԳՊԱ-ի լրագրող Լիլիթ Վահանյան

 

Leave a Reply