Ցուցահանդես՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնին

2013թ-ի ապրիլի 24-ին լրանում է Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցը: Այդ կապակցությամբ ապրիլի 23-ին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Ալբերտ և Թովէ Բոյաջիան ցուցասրահում բուհի և ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հերթական ցուցահանդեսը՝ նվիրված Եղեռնի զոհերի վառ հիշատակին: Ցուցահանդեսին ներկայացված էին ակադեմիայի ուսանողների աշխատանքները՝ թվով երեսուն նկարներ և պաստառներ Ցեղասպանության թեմայով:

Ցուցադրված գործերը գալիս են վկայելու, որ ոչինչ չի մոռացվել, ցավը միշտ արթուն է, հայոց մեծագույն ողբերգության մասին մշտապես խոսել և խոսելու են ինչպես գրականության, երաժշտության, այնպես էլ գեղանկարչության լեզվով:

Ներկայացված կերպարները Եղեռնի զոհերի լուռ վկաներն են, իսկ գունային լուծումները ցեղասպան ժողովրդի հոգեկան ապրումների՝ վախի, ցավի ու կորստի արտահայտությունը:

ԵԳՊԱ-ի ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ Ցեղասպանության թեմայով ցուցահանդեսներն արդեն ավանդույթ են դարձել Ալբերտ և Թովէ Բոյաջիան ցուցասրահում, ակադեմիայի ուսանողներն ամեն տարի իրենց աշխատանքների միջոցով արձագանքում են կատարվածին՝ իրենց վերաբերմունքն արտահայտելով:

Կցանկանայի, որ ցուցահանդեսի մասնակից ուսանողների թիվը շատ լիներ: Նման կարևոր թեմայով ցուցահանդեսները պետք է լեփ-լեցուն լինեն աշխատանքներով: Իհարկե, դժվար է նման թեմայով ստեղծագործել, բայց չանդրադառնալ անհնար է: Սա այն թեմաներից է, որին մասնակիցները պետք է շատ լուրջ մոտենան, որպեսզի արդյունքն էլ շատ լուրջ լինի, – ասաց Արամ Իսաբեկյանը:

Կերպարվեստի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդվարդ Վարդանյանի խոսքով՝ յուրաքանչյուր հայ այս մեծագույն ողբերգությանը պետք է իր վերաբերմունքը ցույց տա, այդ վերաբերմունքը միայն երթով չէ, որ պետք է սահմանափակվի:

Մենք՝ ստեղծագործողներս, չպետք է անտարբեր լինենք: Յուրաքանչյուր արվեստագետ իր կարողության սահմաններում պետք է արձագանքի: Ցեղասպանության թեմայի շուրջ պետք է կարողանալ խորհել, այդ ցավի խորքերը թափանցել, ցավն ապրել ու արարել,-ասաց Էդվարդ Վարդանյանը՝ մաղթելով, որ ակադեմիայի ցուցասրահը մշտապես ողողված լինի աշխատանքներով, չէ՞ որ այդ ցուցասրահը նաև հնարավորություն է՝ արվեստի ոլորտում կայանալու և սեփական տեղը գտնելու:

 

ԵԳՊԱ-ի լրագրող Լիլիթ Վահանյան

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.