Արվեստը որպես տնտեսություն

Հուլիսի 14-ին կավարտվի Տեմպուս ծրագրի «Բարձրագույն կրթության համակարգի զարգացումը սոցիալական գործընկերության բարելավման և հումանիտար գիտությունների մրցունակության համար» նախագիծը, որը կյանքի էր կոչվել 2010 թ-ին:

Նշենք, որ ծրագրի նպատակն էր` մշակել միասնական, մատչելի հաջողված մեթոդաբանական առաջարկությունների համակարգ, որը կբարձրացներ հումանիտար մասնագիտությունների մրցունակությունը և կաջակցեր համակարգում սոցիալական գործընկերների ներգրավմանը:

Ապրիլի 17-ին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի ունեցավ ծրագրի մասնակից Հայաստանի երկու բուհերի` ԵԳՊԱ-ի և Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի ներկայացուցիչների հանդիպումը, որի ժամանակ ներկայացվեց երեք տարիների աշխատանքի արդյունքն ու ձեռքբերումները: Հյուրերի թվում էր Տեմպուսի հայկական գրասենյակի ղեկավար Լանա Կարլովան:

 

 

Իր ելույթում ԵԳՊԱ-ի միջազգային կապերի պատասխանատու Մերի Պատվականյանը նշեց, որ ծրագիրն օգնեց հստակ գիտակցել և պատկերացնել արվեստի մուտքը տնտեսական շուկա, օգնեց ձևավորել արվեստը տնտեսություն դիտելու գիտակցությունը:

– Ճիշտ է, այս պահի դրությամբ մենք արվեստը չենք դիտում որպես տնտեսություն, բայց կգա մի օր, երբ հստակ կերևա արվեստի մուտքը դեպի տնտեսություն: Տեմպուսի այս ծրագրից մենք ստացանք մի քանի մոդուլներ: ԵԳՊԱ-ն ընտրեց արվեստի կառավարման և IT տեխնոլոգիաների մոդուլները, – ամփոփիչ ելույթում ասաց Մերի Պատվականյանը:

Նա նաև մեծապես կարևորեց  ծրագրի շրջանակներում խորհրդատվական մամնի ստեղծման փաստը, որն  օգնել է կառավարել ընտրված մոդուլները: Խորհրդատվական մամնի մեջ ընդգրկված էին ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչությունը, Կրթության և գիտության նախարարությունը, Ազգային պատկերասրահը, Պատմության թանգարանը, Ժամանակակից արվեստի թանգարանը, Ժամանակակից արվեստի ինստիտուտը, նկարիչների և ճարտարապետների միությունները:

Մերի Պատվականյանն ուրախությամբ նշեց, որ այժմ ակադեմիայի արվեստաբանության մագիստրոսական կուրսում ընդգրկված են Արվեստի կառավարում և IT տեխնոլոգիաներ առարկաները:

Ելույթով հանդես եկավ Կերպարվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ Վիգեն Ղազարյանը: Բարձր գնահատելով ամեն տեսակ համագործակցություն` նա միևնույն ժամանակ նշեց, որ այդ համագործակցությունների հիմքում լուրջ խնդիր կա:

– Նախևառաջ ինձ համար անհասկանալի է մեթոդաբանության բարելավում հասկացությունը. այդ բարելավումը ավելի շուտ պետք է տեխնիկական լինի, իսկ դրա համար նյութական միջոցներ են անհրաժեշտ: Հնարավորության դեպքում պետք է գրքերով վերազինել ակադեմիայի գրադարանը, պետք է ավելացնել ուսումնառության համար առավել կարևոր առարկաների դասաժամերը, ոչ թե դրանք կրճատել: Այս և նման խնդիրների լուծումից հետո միայն պետք է մտածել մասնագիտության մրցունակության բարձրացման մասին, – ասաց Վիգեն Ղազարյանը:

Ապա ելույթ ունեցավ Իրինա Վանյանը, ով ներկայացնում էր Ճարտարապետաշինարարական համալսարանը:

Նա նշեց, որ երեք տարի տևած այս ծրագրի հիմքում ոչ թե երկրների և համալսարանների մրցակցությունն էր, այլ մասնագիտությունների, գլխավորապես հումանիտար, մրցունակության բարձրացումը, չէ որ այսօր մասնագետները տնտեսական շուկայում մրցակցության խնդիր ունեն:

– Կարևոր է, որ դեռ ուսումնառության տարիներից ուսանողները ծանոթանան տնտեսական շուկային, գործատուներին, որպեսզի ուսումն ավարտելուց հետո արդեն կարողանան շուկայում մրցակցություն ապահովել և հաստատվել,-կարևորեց Իրինա Վանյանը:

Ելույթ ունեցավ նաև ակադեմիայի դասախոս Հովհաննես Թաջիրյանը` ներկայացնելով իր կողմից մագիստրոսական կուրսում դասավանդվող «Տեղեկատվական տեխնոլոգիաները Կերպարվեստի ոլորտում» առարկայի դրույթներն ու նշանակությունը:

Ինչպես նա նշեց, ակադեմիան միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն է, որտեղ հումանիտար մասնագիտությունների` այս դեպքում արվեստաբանության ամբիոնի ուսանողները խորությամբ նման առարկա են ուսումնասիրում:

– Ուսանողները մեծ հաճույքով են հաճախում դասընթացներին: Իմ վերապատրաստումը Բրագայի համալսարանում իսկապես նպատակային եղավ, երբ ես այն վերածեցի գործի, – ասաց Հովհաննես Թաջիրյանը` ներկայացնելով նաև առարկայի մասին պատմող ձեռնարկը, որը միտված է ուսանողությանը ծանոթացնելու ոչ միայն համակարգչային գիտելիքներին և հնարաքներին, այլև շոշափելու արդի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը:

Եզրափակելով ծրագրի շրջանակներում ունեցած ձեռքբերումների մասին պատմող հանդիպումը` Մերի Պատվականյանը հավելեց, որ հունիսի 26-ից 28-ը Հայաստանում տեղի կունենա ծրագրի մասնակից երկրների ամփոփիչ հանդիպումը:

 

ԵԳՊԱ-ի լրագրող Լիլիթ Վահանյան

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.