Հետաքրքիր նախագիծ

Ապրիլի 6-ին, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ մի նախագիծ, որտեղ ներդաշնակվել ու համատեղվել էին տարբեր կամ, միգուցե, թվացյալ տարբեր հարթություններում գտնվող արվեստի դրսևորումներ: Ցուցահանդես-ներկայացումն իր մեջ ներառում էր ասմունք, բեմադրություն, երաժշտություն, նկարչություն, հագուստների ցուցադրություն:

Հարկ է նշել, որ նախագիծը հղացել է ԵԳՊԱ-ի Գյումրու մասնաճյուղի գեղանկարչության բաժնի առաջին կուրսի ուսանողուհի Ամալյա Գալստյանը: Հագուստի մոդելավորման ցուցադրությունը կազմակերպել էր հագուստի մոդելավորման ամբիոնի վարիչ` Տաթև Հարթենյանը: Թատերական մասի կազմակերպիչը և սցենարիստը Ռաֆայել Ասատրյանն էր: Ցուցահանդեսի կայացմանն աջակցել էր Շիրակի մարզպետարանը: Ցուցահանդեսը նվիրված էր կանանց մեկամսյակին, ինչը զուգորդվեց Կարաբալայի ասոցիատիվ կերպարով, ով ցուցահանդեսի սկզբում ներկա գտնվող կանանց ու աղջիկներին բաժանում էր սպիտակ վարդեր:

 

 

Միջոցառման յուրաքանչյուր դետալ յուրօրինակ արտահայտչամիջոցներով ընդգծում էր մայրության ու գեղեցկության գաղափարը: Հետաքրքիր էր ցուցահանդեսի կազմակերպման մոտեցումը և ներկայացված նկարների ցուցադրությունը. կտավները հենց նկարակալի վրա էին, ինչը նկարին դուրս էր հանում «դիտակտիկ նյութի» կարգավիճակից, կարծես թույլ էր տալիս դիտողին մոտենալու բուն պրոցեսին` նկարելուն: Կար նաև նկարչի կերպար, որի շնորհիվ տպավորություն էր ստեղծվել, թե նկարները հենց ցուցադրման ժամանակ էին արարվում: Երկու տասնյակից ավելի նկարների հեղինակներն էին ԵԳՊԱ-ի Գյումրու մասնաճյուղի ուսանողուհիներ Ամալյա Գալստյանը, Ռիմա Գյոդակյանը և Արփինե Համբարյանը: Թեև նկարները պատկանում էին տարբեր ժանրերի` բնապատկեր, նատյուրմորտ, ծաղիկներ, ձոն էին բնությանն ու գեղեցիկին:

 

 

Ցուցահանդեսն ուղեկցվում էր բեմադրութամբ, ասմունքով, երաժշտությամբ, հագուստի ցուցադրմամբ:

Նախագիծը ևս մեկ անգամ փաստեց արվեստի` առաջին հայացքից տարբեր ոլորտների միասին հանդես գալու և միմյանց փոխլրացնելու կարևորությունը, և տվյալ դեպքում վերջինների շահեկանորեն հանդես գալու հնարավորությունը:

 

ԵԳՊԱ-ի Գյումրու մասնաճյուղի արվեստաբանության բաժնի 4-րդ կուրս ուսանող՝ Վարդուհի Կարապետյան

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.