«Ձմեռը` մեր աչքերով»

Արվեստը բնության զուգահեռն է և ոչ նրա շարունակությունը…

 

Բնության և արվեստի տարբերության հանգամանքը չի խանգարում նրանց լրացնել միմյանց և ստեղծել ոչ պակաս գեղեցիկ համադրություն, որտեղ բնությունը փոխակերպվում և ցուցադրվում է իբրև արվեստի գործ:

Ձևերի բազմազանությունը, տարբեր հեղինակների գործերի ներդաշնակումը իրար հետ, արվեստային մթնոլորտի ձևավորումը, կատարողական հմտությունների դրսևորումը ցանկացած կայացած ցուցահանդեսի գրավականն են: 2013թ-ի ապրիլի 8-ին Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում ներկայացվեց «Ձմեռը` մեր աչքերով» խորագրով գեղանկարի բաժնի առաջին կուրսի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը, որի մասնակիցներն էին` Լիլիթ Տոնականյանը, ԱնահիտԱլեքսանյանը, Աննա Խաչատրյանը, Մելինե Մաթևոսյանը, Ամալյա Գալստյանը, Էդգար Մխիթարյանը և Մարգարիտա Ավետիսյանը: Գեղանկարի ամբիոնի վարիչ՝ Գարիկ Մանուկյանի և գեղանկարի ամբիոնի դասախոս՝ Եսայի Մերյրոյանի աջակցությամբ ուսանողները ներկայացրել էին վերջին տարվա ընթացքում կատարված աշխատանքները: Ցուցահանդեսի բացման խոսքով հանդես եկավ Գեղարվեստի ակադեմիայի տնօրեն՝ Համբարձում Ղուկասյանը, ով ողջունելով ուսանողներին նման ցուցադրություն կազմակերպելու համար, նշեց որ սա վերջին շրջանում ամենակայացած ցուցահանդեսներից է և կատակով ավելացրեց, որ ձմեռային թեմայով ցուցահանդեսը առաջին անգամ ցուցադրվում է ոչ թե ձմռանը, այլ գարնանը: Ուսանողներին շնորհավորեցին դասախոսները, ասելով, որ ցուցահանդեսը իր բնույթով առանձնանում է թեմայով և, ինչու չէ, առաջին կուրսի համար բավականին բարձր վարպետության դրսևորմամբ: Աշխատանքները կատարված էին տարբեր տեխնիկաներով` յուղաներկ, ջրաներկ, պաստել և տարբեր ձեռագրերով: Միևնույն ժամանակ ուսանողներին հաջողվել էր չծանրաբեռնելով կտավները՝ սառը գույներով ճիշտ կառուցել գունաշարը` ստեղծելով օդային նուրբ անցումների պատրանք: Նկարների թեման `ձմեռային բնությունն էր, որոշ կտավներում պատկերված էին նաև գյուղական համեստ տեսարաններ: Ցուցասրահի ընդարձակ տարածքը հնարավորություն էր տվել նկարիչներին էքսպոզիցիան կազմակերպել հետաքրքիր ու ինքնատիպ` մեծ և փոքր կատվների համադրությամբ ստանալով ավարտուն և հագեցած պատկեր: Այսպիսի ցուցահանդեսների կազմակերպումը օգնում է երիտասարդ նկարիչների կայացմանն և փորձի ձեռքբերմանը, ինչին էլ միտված են ակադեմիայի աշխատակազմի ջանքերը:

ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժնի 3-րդ կուրսի ուսանող`Բելլա Ասլանյան

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.