Ցուցադրում է ավագ սերունդը

Ապրիլի 10-ին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Ալբեր և Թովէ Բոյաջիան ցուցասրահում հերթական ցուցահանդեսն էր: Այս անգամ ցուցասրահի պատերը զարդարալ էին ակադեմիայի Գեղանկարի ամբիոնի պրոֆեսորա-դասախոսական կազմի՝ Անատոլի Գրիգորյանի, Արամ Իսաբեկյանի, Փարավոն Միրզոյանի, Էդվարդ Վարդանյանի, Մասիս Գրիգորյանի, Վիլիկ Զաքարյանի, Ժորա Հայրապետյանի, Գրիգոր Գեղամյանի, Արսեն Սավայանի, Արսեն Ղազարյանի, Արթուր Հովհաննիսյանի, Մեխակ Էլբակյանի աշխատանքները՝ հագեցած կերպարային ու գունային հրաշալի լուծումներով:

Ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանն իր բացման խոսքում նշեց, որ ցուցահանդեսը կարող էր և ավելի մեծ լինել՝ լայն շրջանակ ընդգրկելով, բայց ինքը ցանկացել է ցուցահանդեսն ացկացնել հենց ակադեմիայի ցուցասրահում, որտեղ մշտապես իշխում են սերն ու ջերմությունը: Արամ Իսաբեկյանը վստահ է, որ ԵԳՊԱ-ի Ալբեր և Թովէ Բոյաջիան ցուցասրահը Հայաստանի մասշտաբով լավագույն ցուցասրահներից մեկն է:

 

 

– Գեղանկարի և քանդակի ամբիոնները համարվում են 1945թ-ին Գեղարվեստի ակադեմիայի (նախկին Գեղարվեստաթատերական ինստիտուտ) հիմնադիր ամբիոնները: Գեղանկարի ամբիոնը տարիներ շարունակ բարձր է պահել ակադեմիայի որակի նշաձողը: Ակադեմիայի հաջողությունների հիմքում մշտապես եղել է հենց Գեղանկարի ամբիոնը: Այն ունեցել է փայլուն դասախոսներ, որոնք համաշխարհային համբավի կարող էին արժանանալ, եթե խորհրդային տարիներին դեպի արվեստ տանող դուռը բաց լիներ: Մենք հպարտ ենք, որ ակադեմիայում այնպիսի մարդիկ են դասավանդել, ովքեր եղել են իրենց գործի իսկական նվիրյալներ,- ասաց Արամ Իսաբեկյանը՝ հավելելով, որ այսօր ամբիոնի աշխատանքների ծանրությունը ներկայիս դասախոսների ուսերին է և ողջունելի է, որ նրանց շարքը համալրել են նաև երիտասարդ դասախոսներ:

 

 

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ուրախությամբ նշեց, որ Ալբեր և Թովէ Բոյաջիան ցուցասրահում իսկապես տաղանդավոր արվեստագետների գործեր են ցուցադրված, որոնց շարքում նաև երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ կան: Կարեն Աղամյանը կարևորեց այն փաստը, որ ցուցադրված գործերի հեղինակներն իսկապես մեծ աշխատանք են կատարում հայ կերպարվեստում:

– Ուրախությամբ ուզում եմ նշել, որ Նկարիչների միության անդամների մեծ մասը հենց ակադեմիայի շրջանավարտներն են,-ասաց նա:

Ժողովրդական նկարիչ Մասիս Գրիգորյանը նկատեց, որ նման ցուցահանդեսները ակադեմիայի ավագ սերնդի ներկայացուցիչների մտածելակերպը, աշխարհայացքն ու աշխարհընկալումը կրտսեր սերնդին ցույց տալու լավագույն տարբերակներից են:

Գեղանկարի ամբիոնի վարիչ Անատոլի Գրիգորյանն էլ ցուցահանդեսը կայացած համարեց: Նա նշեց, որ ցուցասրահ ունենալը տարիներ շարունակ եղել է իր և իր սերնդակիցների երազանքը, քանի որ այն ժամանակ իրենց աշխատանքները ցուցադրելու տեղ չեն ունեցել:

– Երբ մենք սովորում էինք Գեղարվեստաթատերական ինստիտուտում, համապատասխան պայմաններ չկային, միայն ինստիտուտի տարբեր հարկերի պատերին կարող էինք փակցնել մեր աշխատանքները: Այսօր այդ երազանքն իրականություն է դարձել, և երիտասարդ սերունդն իր աշխատանքները ցուցադրելու հնարավորությունից զրկված չէ, ինչը շատ ողջունելի է, – ասաց Անատոլի Գրիգորյանը:

 

 

ԵԳՊԱ-ի լրագրող Լիլիթ Վահանյան

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.