Առողջ ապրելակերպ – առողջ ապագա

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Մոր և մանկական առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտական բաժնի և Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության մարդու վերարտադրողական գծով համագործակցող կենտրոնի համատեղ ջանքերով ապրիլի 4-ին ԵԳՊԱ-ի Ալբերտ և Թովէ Բոյաջիան ցուցասրահում բացվեց Առողջ ապրելակերպ-առողջ ապագա ցուցահանդես մրցույթը:

Ցուցահանդեսի համակարգող Արաքսյա Ղազարյանի ուղղորդմամբ, ներկայացված էին ակադեմիայի ուսանողների գեղանկարչական, գրաֆիկական, խեցեգործական աշխատանքները, քանդակներն ու պաստառները։

Ցուցահանդեսի պատվավոր հյուրերն էին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևը և Կարինե Առուստամյանը:

Բացման խոսքով հանդես եկավ ԵԳՊԱ-ի ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանը: Նա ցուցահանդես-մրցույթը կայացած համարեց՝ ուրախությամբ նշելով, որ ցուցահանդեսի արդյունքը իրենց համագործակցության շարունակականության վկայությունն է:

Նկատենք, որ սա առաջին համագործակցությունն էր, բայց, ինչպես նշեցին կազմակերպիչները, ոչ՝ վերջինը:

– Ցուցահանդեսի նպատակն էր՝ ուսանողությանը նույնպես ներգրավել առողջ ապրելակերպի պրոպագանդման աշխատանքներում՝ այս անգամ ինքնաարտահայտման միջոց ընտրելով արվեստը: Միակ ցանկությունս այն է, որ նման ցուցահանդեսների շատ թվով ուսանողներ մասնակցեն, – ասաց Արամ Իսաբեկյանը:

Գեորգի Օկոևի խոսքով՝ առողջ ապրելակերպն ու առողջ ապագան շատ կարևոր են և պետք է առաջին պլան մղվեն: Պետք է առողջ ապրելակերպ, ապա առողջ հոգի ու մարմին ունենալ:

– Ցուցահանդեսի նպատակը՝ արվեստի միջոցով առողջ ապրելակերպի մասին պատկերացումները հանրությանը ներկայացնելն էր, ինչը, վստահ եմ, մեզ հաջողվեց: Առողջ ապրելակերպն այսօր Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենակարևոր թեզերից մեկն է, որը նրանք փորձում են առաջ տանել և՛ հետամնաց, և՛ միջին, և՛ բարձր զարգացման երկրներում: Մյուս կողմից էլ, սա շատ հետաքրքիր թեմա է արվեստագետի ինքնաարտահայտման համար, – ասաց Գեորգի Օկոևը:

 

 

Կարինե Առուստամյանն էլ ուրախությամբ տեղեկացրեց, որ ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներն առաջիկա մեկ տարվա ընթացքում կօգտագործվեն կենտրոնի կողմից ինչպես բուկլետների, այնպես էլ կենտրոնի կայքում տեղադրվող նյութերի մեջ:

Ցուցահանդեսի բոլոր մասնակիցներն արժանացան մասնակցության շնորհակալագրերի: Մասնակցության երրորդ, երկրորդ և առաջին տեղերի համար պատվոգրեր և դրամական պարգևներ ստացան Սեդա Ավանեսյանը (3-րդ տեղ), Գուրգեն Ծառուկյանը (2-րդ տեղ) և Արսեն Դավթյանը (1-ին տեղ):

ԵԳՊԱ-ի լրագրող Լիլիթ Վահանյան

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.