«9-ի սկիզբը»

Նկարչի ճեպանկարների ալբոմը նման է օրագրի, որտեղ յուրաքանչյուր տող-գիծ գրված է անկեղծությամբ: Երբեմն մեքենայաբար արված ճեպանկարը նկարչի մասին ավելի շատ բան է ասում, քան ամիսների ընթացքում ստեղծված մեծ կտավի գործը: 2013 թվականի մարտի 25-ին Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում տեցի ունեցավ «9-ի սկիզբը» խորագրով ճեպանկարի ցուցահանդես: Արվեստում իրենց առաջին քայլերը հանրությանը ներկայացրին գրաֆիկայի 1-ին կուրսի 9 ուսանողներ: Ցուցադրված էինբացառապես ճեպանկարներ, որոնք արվել էին ոչ թե ցուցահանդեսի, այլ դասընթացի կամ պարզապես հմտանալու համար: Սկսնակ գրաֆիկների նպատակն էր առանձին աշխատանքային ընթացքների արդյունքները ցուցադրել համատեղ և լսել մասնագետների կարծիքները: Նման գաղափար իր ուսանողներին տվել էր կուրսի ղեկավար Սամվել Պողոսյանը, ում կարծիքով ցանկացած ճեպանկար կարող է ցուցադրվել, քանի որ յուրաքանչյուր գծով, գույնով կամ այլ արտահայտչամիջոցով արված ստեղծագործությունն արդեն իսկ արվեստի նմուշ է:

Ճեպանկարը, որն ընդգծում է կերպարի կամ առարկայի շարժումը, ուրվագիծը, հաճախ համարվում է «սևագիր արվեստ», պատկանում է միայն տվյալ նկարչին և երկու տարբեր արվեստագետների մոտ միանման լինել չի կարող, յուրաքանչյուրի մոտ արտահայտվում է տարբեր կերպ: Կախված նկարիչների պատկերացումներից և կիրառած նյութերից բոլոր ճեպանկարները տարբեր էին: Մասնակիցներից ոմանք պարզապես ընդգծում են բնորդի շարժումը, մեկը նկարում է միայն դիմանկարներ, երրորդը ցանկացած կերպար պատկերում է ճարտարապետական ֆոնին, մյուսն ընդամենը երկու-երեք գծով ստեղծում է բոլորին ընկալելի ճեպանկար` շեշտելով շարժման կարևորությունը: Սա խոսում է այն մասին, որ չնայած ճեպանկարի ընդհանուր գաղափարին` այն ևս ունի իր տարատեսակ ընկալումներն ու մեկնաբանությունները, որոնք հատուկ են ցանկացած ստեղծագործողի:

Ցուցահանդեսի բացմանն իրենց խոսքն ասացին ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Համբարձում Ղուկասյանը, գրաֆիկայի և հանրակարթական ամբիոնի վարիչներ Գարիկ Մանուկյանն ու Արաքս Մարգարյանը, ովքեր ողջունեցին այն հանգամանքը, որ 1-ին կուրսում փորձ է արվել ցուցադրվելու և որ մասնակիցները ցուցահանդես կազմակերպել են առավելապես թերությունների շուրջ խորհուրդներ լսելու և դրանք ուղղելու համար:

 

 

 

 

 

 

 

 

ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժին 3-րդ կուրսի ուսանող՝ Գոհար Նավասարդյան

 

Leave a Reply