“Մեկ ակնթարթ կյանքից”

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջիան» ցուցասրահում անցկացվող արդեն ավանդույթ դարձած ցուցահանդեսները գնալով զարմացնում և հիացնում են արվետասերներին:

Մարտի 21-ին կայացած «Մեկ ակնթարթ կյանքից» խորագրով կերամիկական աշխատանքների ցուցահանդեսը նույնպես բացառություն չէր:

Այս անգամ կերպարների և գույների խորհրդավոր ու անբացատրելի աշխահը մի վրձնահարվածով զարդարել էր կերամիկան՝ ցույց տալով այդ աշխատանքների հեղինակների՝ ակադեմիայի դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի ուսանողների երևակայության անսահման թռիչքը։

ԵԳՊԱ-ի ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանը, ցուցահանդեսի բացման խոսքում ուրախությամբ փաստեց, որ ցուցասրահը, որի մասին ինքը երազել էր և ջանք չէր չխնայել այն ունենալու համար, այսօր շատ լավ է աշխատում, աշխատում է այնպես, ինչպես ինքն էր ցանկանում:

 

 

– Նայելով ցուցահանդեսը և այն համեմատելով մի քանի տարի առաջ ցուցասրահում կազմակերպված ցուցահանդեսների հետ, նկատում եմ որակի ակնհայտ տարբերություն: Ցուցահանդեսների որակը գնալով բարձրանում է, այս աշխատանքները ցանկացած վայրում իրենց որակով կփայլեն, ինչը շատ ողջունելի է, – ասաց Արամ Իսաբեկյանը:

Ցուցահանդեսի կազմակերպիչ Մարիա Բաբայանը շնորհակալական խոսքեր հղեց դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի բոլոր կուրսերի ուսանողներին՝ նշելով, որ առանց նրանց մասնակցության ցուցահանդեսը չէր կայանա։

Ակադեմիայի միջազգային կապերի պատասխանատու Մերի Պատվականյանին ցուցահանդեսը ոգևորել էր իր ստեղծագործական մտահղացմամբ և կատարողական արվեստով: Նրա խոսքով՝ ամենակարևորն այս աշխատանքները որպես արտադրանք ընկալելն է:

– Ուսանողն այն աստիճանի է հասունացել, որ կարող է իր ապրանքը վաղն արտադրանքի վերածել ու վաճառել: Մենք գալիս ենք այն եզրահանգման, որ արվեստը կարող ենք օգտագործել տնտեսության մեջ, – ասաց Մերի Պատվականյանը՝ հավելելով, որ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան արդեն 4 տարի է պայմանագիր է կնքել Ֆրանսիայի Լիմոժ-Օբյուսոնի արվեստի բարձրագույն ազգային դպրոցի հետ, որն ավելի շատ կերամիկայի ուղղությամբ է մասագիտացած: Ակադեմիան պայմանագրի ժամկետը երկարացրել է մինչև 2015 թվականը, ինչը նշանակում է, որ փոխանակման ծրագրի շրջանակներում ուսանողները կարող են մեկ կամ երկու կիսամյակ ուսումը շարունակել այդ դպրոցում՝ ծանոթանալով հաղճապակու մշակման և արտադրության մշակույթին:

 

ԵԳՊԱ-ի լրագրող Լիլիթ Վահանյան

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.