Ասենք ո՛չ արյան քաղցկեղին

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանի նախաձեռնությամբ արդեն երկրորդ անգամ է ակադեմիա է հյուրընկալվում “Ոսկրածուծի դոնորների ազգային ռեեստր” բարեգործական հիմնադրամի տնօրեն, բժիշկ Սևակ Ավագյանը: Այս անգամ հանդիպումը ակադեմիայի գլխավոր մասնաշենքի ուսանողների ու դասախոսների հետ էր:

Բժիշկը դասախոսներին և ուսանողներին ներկայացրեց արդեն 14 տարի գործունեություն ծավալող բարեգործական հիմնադրամի առաքելությունն ու նպատակը:

– “Ոսկրածուծի դոնորների ազգային ռեեստրի” առաքելությունն է օգնել աշխարհասփյուռ հայերին հաղթահարելու արյան մի շարք մահացու հիվանդություններ, որոնք հաճախ բուժվում են ոսկրածուծի կամ ցողունային բջիջների փոխպատվաստմամբ: Մեր նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի՝ ցողունային բջիջների համապատասխան դոնոր, ապահովել փոխպատվաստման առավել արդյունավետություն լեյկեմիայով հիվանդների համար, կազմակերպել դոնորների հավաքագրում համայն հայության շրջանում և ստեղծել ռեեստրի համահայկական ցանց, – ասաց բժիշկը:

Անդրադառնալով Ցողունային բջիջների հավաքագրման կենտրոնի գործունեությանը` Ս. Ավագյանը նշեց, որ կենտրոնը, որը գործում է 2009թ-ից, միտված է նպաստել արյան մահացու հիվանդություններով տառապողների արդյունավետ բուժմանը, հայ և այլազգի հիվանդների կյանքի փրկությանը:

Ապա բժիշկը բացատրեց դոնոր դառնալու համար անհրաժեշտ պահանջները, կենտրոնում դոնորագրվելու ձևը: Քանի որ ուսանողների և դասախոսների մեծ մասը դոնորագրվելու ցանկություն հայտնեց, բժիշկը ներկայացրեց, թե ինչպես է գործընթացն իրականանում:

Նախևառաջ դոնորից վերցվում է 3 գրամ արյուն, որը ստուգում է անցնում: Եթե արյունը մաքուր է, ընդգրկվում է դոնորների բանկում և, եթե աշխարհում ինչ-որ մեկը հիվանդանում է արյան քաղցկեղով, դոնորի արյունն ավելի խորը քննություն է անցնում: Դրան հետևում է դիալիզի սարքի միջոցով երակային արյամբ մինչցողունային բջիջների հավաքագրման գործընթացը: Ֆիլտրի վրա հավաքվում է 200 գրամ մաքուր արյուն, որն էլ ներարկվում է արյան քաղցկեղով հիվանդին:

– Ընդամենը 200 գրամ արյուն տալով և ինքդ քեզ չվնասելով` կարող ես մի կյանք փրկել,- ասաց Սևակ Ավագյանը:

Հանդիպումը եզրափակելով` Արամ Իսաբեկյանը կոչ արեց ուսանողներին և դասախոսներին դոնորագրվել “Ոսկրածուծի դոնորների ազգային ռեեստր” -ում` նշելով, որ ինքն էլ անպայման կդոնորագվի և ուրախ կլինի, եթե մի օր կարողանա 200 գրամ արյուն հանձնելով` մի մարդու կյանք փրկել:

ԵԳՊԱ-ի լրագրող՝ Լիլիթ Վահանյան

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.