Շախմատ` նկարների լեզվով

Մարտի 4-ին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջիան» ցուցասրահում տեղի ունեցավ շախմատին նվիրված նկարների ցուցահանդեսի բացումը: Նկարների հեղինակները ԵԳՊԱ-ի և Փ. Թերլեմեզյանի անվան արվեստի ուսումնարանի ուսանողներն էին:

Ցուցահանդեսի հյուրերն էին`Շախմատի ակադեմիայի ղեկավար, գրոսմաստեր Սմբատ Լպուտյանը, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, Փ. Թերլեմեզյանի անվան արվեստի ուսումնարանի տնօրեն Աննա Մնացականյանը:

Բացման խոսքով հանդես եկավ ԵԳՊԱ-ի ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանը: Ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին` Արամ Իսաբեկյանը նշեց, որ ավելի հետաքրքիր  կլիներ, եթե ցուցահանդեսին մեծ թվով ուսանողներ մասնակցեին:

 

 

– Շախմատի թեմայով նկարների ցուցահանդեսի գաղափարը մեր հիանալի գրոսմաստեր Սմբատ Լպուտյանինն էր: Կարծում եմ գաղափարը կայացավ. ցուցահանդեսը դրա վկայությունն է: Այս ցուցահանդեսը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մենք բազում տաղանդաշատ ուսանողներ ունենք: Ես վստահ եմ, որ նման միջոցառումները կլինեն շարունակական,- ասաց Արամ Իսաբեկյանը:

Սմբատ Լպուտյանն ուրախությամբ նշեց, որ ցուցահանդեսն իսկապես կայացել է:

– Հաճույքով եմ այս նկարները դիտում: Ես ուրախ եմ, որ մեր հասարակությունը հնարավորություն ունի շախմատի մասին մտածել նաև նկարների միջոցով: Ամեն մի օժանդակություն միայն լիցքավորում և հարստացնում է այն մշակույթը, որով մենք այսօր հպարտանում ենք: Կարծում եմ, որ նման մտահղացումները կդառնա շարունակական, – ասաց Սմբատ Լպուտյանը:

Կարեն Աղամյանն էլ ողջունեց ուսանողներին և ուրախությամբ նշեց, որ նկարները խոսում են շախմատի հանդեպ ուսանողների ունեցած հետաքրքրության մասին:

 

 

Ցուցահանդեսի վերջում մասնակից բոլոր ուսանողներն արժանացան շնորհակալագրերի, իսկ խրախուսական մրցանակներ տրվեցին Նարեկ Կնյազյանին, Գարեգին Ավետիսյանին, Ռոզա Մնացականյանին և Միքայել Կարապետյանին:

ԵԳՊԱ-ի լրագրող՝ Լիլիթ Վահանյան

 

 

 

Leave a Reply